AM
22 February 2022 - 08:29 AMT

Արցախի նախագահը ողջունել է ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչումը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը: Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք:

«Անկախ պետականության կերտումը և նրա միջազգային ճանաչումը հրամայական է դառնում հատկապես գոյաբանական վտանգների ներքո, քանի որ այն բավականին ազդեցիկ ու քաղաքակիրթ միջոց է արյունահեղության և մարդասիրական աղետի կանխարգելման համար:

Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ պայքարում է իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար և ստիպված է եղել բազմիցս անցնել ծանր փորձությունների ու ցեղասպան գործողությունների միջով: Ուստի, համոզված ենք, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը:

Շնորհավորում ենք Դոնբասի ժողովրդին այս պատմական իրադարձության կապակցությամբ։ Հուսով ենք, որ երբեմնի ծաղկող այս երկրամասում կրկին կվերահաստատվի ամուր խաղաղություն և կայունություն»,-ասվում է գրառման մեջ:

Փետրվարի 21-ի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչման մասին։ Նա հանձնարարել է ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ ապահովել խաղաղության պահպանումն այդ շրջաններում, իսկ ԱԳՆ-ին՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատել հանրապետությունների հետ և բանակցել բարեկամության պայմանագրեր կնքելու շուրջ։

ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն անկախության մասին հայտարարել էին դեռևս 2014-ին, երբ Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում զինված հակամարտություն սկսվեց։ Ավելի ուշ հանրապետությունները Ուկրաինայից անկախանալու վերաբերյալ հանրաքվեներ են անցկացրել, որոնց արդյունքները Ուկրաինան, ԱՄՆ-ն Եվրոպայի և մի շարք այլ երկրներ չեն ընդունել։