AM
22 February 2022 - 10:41 AMT

Մեծ Բրիտանիայում կչեղարկեն իքնամեկուսացումը Covid-19-ով հիվանդների համար

Փետրվարի 24-ից Մեծ Բրիտանիայում կչեղարկեն կորոնավիրուսով հիվանդների պարտադիր ինքնամեկուսացումը, իսկ մարտին կդադարեցվի անվճար թեստավորումը երկրի բոլոր քաղաքացիների համար։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդարանում իր ելույթում, տեղեկացնում է Bloomberg-ը։

Ջոնսոնն ասել է, որ մինչև մարտի վերջ բոլոր վարակվածներին խորհուրդ է տրվում ինքնամեկուսանալ միայն 5 օր, իսկ հիվանդներին թույլատրվում է չհայտնել գործատուին դրական թեստի մասին։

«Սահմանափակումները լուրջ վնաս են հասցնում մեր տնտեսությանը, հասարակությանը, հոգեկան անդորրին և կյանքում իրենց տեղը գտնելու մեր երեխաների շանսերին։ Մենք այլևս չպետք է այդպիսի գին վճարենք։ Եկեք սովորենք ապրել այս վիրուսի հետ և շարունակենք պաշտպանել մեզ և այլոց՝ չսահմանափակելով մեր ազատությունները»,-ասել է նա։

Բրիտանիայի վարչապետը նաև ասել է, որ իրավիճակի մշտադիտարկումը կշարունակվի, ինչը թույլ կտա արագ արձագանքել զարգացումներին։ Նա չի բացառել, որ համաճարակային վիճակի վատթարացման դեպքում, իշխանությունները չեղարկեն իրենց որոշումը։