ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է, որ նախագահները հռչակագիր են ստորագրելու դաշնակցային համագործակցության մասին, որն, ըստ Պուտինի, հարաբերությունների զարգացման նոր փուլ է բացում, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր մենք Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրենք։ Դա նոր էջ է բացում մեր հարաբերությունների զարգացման մեջ և, անկասկած, դա հնարավոր դարձավ այդ թվում նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման արդյունքում, որը դեռևս մինչև վերջ կարգավորված չէ, սակայն կարգավորման հարցում առաջխաղացում կա»,-ասել է Պուտինը։
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Պուտինն ասել է՝ ամեն ինչ կարվի, որ կարգավորումը Լեռնային Ղարաբաղում խաղաղ ընթանա։ «Կան վեճեր, շատ գործ կա անելու, բայց ամեն ինչ կանենք, որպեսզի գործընթացը խաղաղ ճանապարհով ընթանա»,- ասել է ՌԴ նախագահը։
Նախատեսվում է, որ ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը փետրվարի 22-ին Մոսկվայում Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրեն։