ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, անդրադառնալով իրավիճակին Լեռնային Ղարաբաղում, ասել է, որ չնայած դեռևս ծագող խնդիրներին, արդեն կան որոշակի պայմանավորվածություններ ոչ միայն այնտեղ ապրող մարդկանց անվտանգության ապահովման, այլ նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման առումով։
Նա հավելել է, որ դեռ կան վեճեր, անելիքները դեռ շատ են, սակայն, ամեն ինչ կարվի, որ գործընթացը զարգանա խաղաղ ճանապարհով, որպեսզի հնարավոր լինի հասնել այդ գործընթացում ներգրավված բոլոր կողմերի գոհունակությանը, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ինչպես ՌԴ-ն, այնպես էլ Ադրբեջանի մյուս հարևանները, գիտեմ, որ շահագրգռված են որպեսզի այդ հարցերը, այդ թվում տրանսպորտային հաղորդակցությունների խնդիրը, լուծվեն, քանի որ դրանում շահագրգռված են ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը՝ շահագրգռված է նաև Ռուսաստանը և ձեր մյուս հարևանները»,-ասել է Պուտինը։
Պուտինը նաև ասել է, որ ՌԴ և Ադրբեջանի միջև Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը, որի ստորագրումը նախատեսվում է փետրվարի 22-ին, «հնարավոր դարձավ այդ թվում նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման արդյունքում, որը դեռևս մինչև վերջ կարգավորված չէ, սակայն կարգավորման հարցում առաջխաղացում կա»։
Նախատեսվում է, որ ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը փետրվարի 22-ին Մոսկվայում Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր կստորագրեն։






