Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշել են, որ առանձնահատուկ ցինիզմով և ակնհայտ աճպարարությամբ են լցված Երևանում «Եվրանեսթի» նիստերի շրջանակներում ադրբեջանական պատվիրակության կողմից խաղաղության շրջան բացելու և հարաբերություններ կարգավորելու կոչերը, տեղեկացնում է Արցախպրեսը։
«Սույն թվականի փետրվարի 21-22-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում անցկացվել է Եվրանեսթի հերթական նիստը, որը Եվրախորհրդարանի և Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համագործակցության խոհրդարանական հարթակն է։ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին այս անգամ իրենց մասնակցությունը ունեցան նաև Ադրբեջանը ներկայացնող պատգամավորներ Թաիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։
Ողջունելի է նիստի ընթացքում Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երկարաժամկետ խաղաղության հասնելու և պատերազմի միջոցով արցախյան հիմնախնդրի լուծումը բացառելու հստակ պնդումը։
Առանձնահատուկ ցինիզմով և ակնհայտ աճպարարությամբ են լցված ադրբեջանական պատվիրակության կողմից խաղաղության շրջան բացելու և հարաբերություններ կարգավորելու կոչերը: Այդ երկրի բանտերում մինչ այժմ պահվող հայ ռազմագերիների առկայությունն ու նրանց ռազմաքաղաքական ղեկավարության կողմից անընդհատ կրկնվող սադրանքները սահմանին ամենևին չեն խոսում խաղաղասիրական մտադրությունների մասին»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ միայն անկեղծ մղումով և փոխադարձ շահերի համահավասար գնահատմամբ է հնարավոր երկարաժամկետ խաղաղությունը։
«Ցավոք սրտի, Բաքուն նման մոտեցումները չի կիսում։ Ըստ այդմ, դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրականացվող արտաքին քաղաքական երկակի ստանդարտներն ու խոսքի և գործի անհամատեղելիությունը»,-ասվում է հայտարարության մեջ:
Երևանում «Եվրանեսթի» նիստերը տեղի են ունեցել փետրվարի 21-22-ին, որին մասնակցել է Ադրբեջանի խորհրդարանի երկու պատգամավոր։






