AM
24 February 2022 - 09:16 AMT

ԵՄ-ն մտադիր է ՌԴ դեմ պատժամիջոցների ամենակոշտ փաթեթը սահմանել

Եվրամիությունը մտադիր է կազմակերպության պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցների փաթեթն ընդունել ՌԴ դեմ՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով։ Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության գծով ղեկավար Ժոզեպ Բորելը:

«ԵՄ արտահերթ գագաթնաժողովում մենք կստանանք քաղաքական հանձնարարական՝ երբևիցե սահմանված պատժամիջոցներից ամենախիստ փաթեթն ընդունել»,- ասել է նա և ընդգծել, որ Եվրոպան այժմ ապրում է Երկրորդ համաշխարհայինից ի վեր ամենամռայլ ժամերը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես իր հերթին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեռ Լյայենը, ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի ՌԴ տնտեսության ռազմավարական ոլորտների դեմ՝ արգելափակելով հասանելիությունն առանցքային տեխնոլոգիաներին և շուկաներին։

«Այդ փաթեթի շնորհիվ մենք կթուլացնենք Ռուսաստանի տնտեսական բազան և այն արդիականացնելու ունակությունը»,- ասել է նա։

Բացի այդ, ըստ նրա, ԵՄ-ն կսառեցնի ռուսական ակտիվները Եվրոպայում և կկասեցնի ռուսական բանկերի հասանելիությունը եվրոպական ֆինանսական շուկային։

«Ինչպես պատժամիջոցների առաջին փաթեթի դեպքում, մենք սերտորեն գործակցում ենք գործընկերների և դաշնակիցների հետ։ Այդ պատժամիջոցները կոչված են լուրջ վնաս հասցնելու Կրեմլի շահերին և ֆինանսական պատերազմ վարելու նրա կարողությանը»,-հավելել է նա։

ԵՄ արտահերթ գագաթնաժողովին կմասնակցի 27 երկրի ղեկավար։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր հերթին, հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրել է միտումնավոր պատերազմը, որը աղետալի զոհերի և տառապանքների է հանգեցնելու և ասել, որ «միասնական և վճռական պատասխան է լինելու»։