Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում ռուսական լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է՝ հավատում է, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն, գրում է ՏԱՍս-ը։
«Կարծում եմ, որ երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո Հայաստանի հետ հարաբերությունները ևս կկարգավորվեն։ Ամեն դեպքում, մենք պաշտոնապես հայտարարել ենք Հայսաստանի հետ խաղաղ պայմանագիր կնքելու ցանկության մասին։ Հավանաբար, ինչ-որ փուլում դա տեղի կունենա, սակայն ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններում պետք է իրատես լինենք, չպետք է ակնկալենք այն, ինչին անհնար է հասնել, բայց պետք է շարժվենք Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ»,- ասել է Ալիևը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ալիևը մոտ 4 ժամ տևած բանակցություններից հետո փետրվարի 22-ին Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել, որում 40-ից ավելի կետ կա։ Պուտինը ստորագրված հռչակագիրն անվանել է երկու երկրների հարաբերությունների նոր փուլ։
Փաստաթղթում անդրադարձ կա նաև ռազմական փոխգործակցությանը։ Նշվում է, որ գործակցությունը ՌԴ–ի և Ադրբեջանի ԶՈւ-ների միջև ներառելու է օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացում, ինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցության այլ ուղղությունների զարգացում։
Փաստաթղթում ասվում է նաև, որ անվտանգության ապահովման, կայունության և խաղաղության պահպանման նպատակով ՌԴ-ն և Ադրբեջանը կարող են դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ ՄԱԿ կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի հիման վրա և հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի միջազգային և իրավական պարտավորությունները։