Ուկրաինայի պաշտպանության նախարար Աննա Մալյարը հայտարարել է, որ ռուսական զորքերը շարժվում են Կիևի ուղղությամբ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ռուս զինվորականները Ուկրաինայի ԶՈւ երկու ավտոմեքենա են հափշտակել, հագել են ուկրաինական համազգեստ և արագ շարժվում են դեպի Կիև Օբոլոնի կողմից։ Նրանց հետևում է ռուսական զինվորական բեռնատարների շարասյունը»,-գրել է նա։
Ավելի ուշ Մալյարը թարմացրել է գրառումը՝ նշելով, որ մեքենաների ընթացքը կասեցվել է, դրանք վնասվածքներ են ստացել։
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն իր հերթին հայտարարել է, որ ծանր օր է սպասվում։
«Ամենածանր օրն այսօր է լինելու։ Թշնամու նպատակն է տանկային շարասյուներով հասնել Կիև երկու ուղղությամբ՝ Իվանկովի և Չերնիգովի կողմից»,-ասել է նա, գրում է Meduza-ն։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։