Ռուսաստանը պատժամիջոցների պատասխան փաթեթ է պատրաստել Արևմուտքի դեմ՝ դրանք կոչված են հարվածելու «խոցելի տեղերին, բայց հայելային չեն լինի»։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
«Ինչ վերաբերում է պատասխան պատժամիջոցներին, ապա, անկասկած, դրանք ևս կլինեն՝ հայելային չեն արտացոլի ՌԴ դեմ պատժամիջոցները, բայց մենք լավ գիտենք Արևմուտքի թույլ կողմերը։ Մենք ևս պատժամիջոցների մի ամբողջ փաթեթ ենք պատրաստել, որոնք կարող ենք կիրառել ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանած երկրների դեմ»,-ասել է նա, գրում է «Իզվեստիան»։
Մատվիենկոն ընդգծել է, որ Եվրոպան, սահմանափակումներ դնելով «Հյուսիսային հոսք-2» գազատարի վրա, ինքն իրեն է պատժել՝ նման գործողությունները միայն կխթանեն գազի գնաճը։
Նա նաև ասել է, որ «Հյուսիսային հոսք-2» գործընթացի գործարկման կասեցումը ժամանակավոր միջոց է։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։