Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը հայտարարել է, որ ԵՄ երկրները պայմանավորվել են ՌԴ դեմ պատժամիջոցների ցանկում ընդգրկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, գրում է ՌԻԱ Նովոստին։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ևս հաստատել է դա։
Ավստրիայի ԱԳՆ ղեկավարն իր հերթին ասել է, որ, չնայած պատժամիջռոցներին, Պուտինի և Լավրովի ուղևորությունների սահմանափակում չի լինի։
Մինչդեռ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ արգելափակել է Կիևն արևմտյան կողմից, հայտնում է Interfax-ը։
Նշվել է նաև, որ ռուսական զինված ուժերը չեն պատրաստվում հարվածներ հասցնել Ուկրաինայի մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։