AM
26 February 2022 - 10:00 AMT

Ադրբեջանցիները հայերեն, բարձրախոսով սպառնում են խրամորթցիներին՝ պահանջելով հեռանալ տներից

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղի մոտակայքում գտնվող ադրբեջանական դիրքերից բնակիչներից բարձրախոսով պահանջում են լքել տներն ու հեռանալ։ Ընդ որում, դա արվում հայերեն լեզվով օրը մի քանի անգամ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ծովինար Բարխուդարյանը։

«Հարգելի' հայրենակիցներ, ձեր ուկրաինական հետաքրքրասիրությունը արցախյան մի թթու լուրով կտրեմ. արդեն երկրորդ օրն է՝ թշնամին, որ GPS-ով Խրամորթի մատույցներում է հիմա, բարձրախոսներով, ի դեպ, գրական հայերենով, բնակիչներին սպառնում է, որ եթե խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ստիպված կլինեն ուժ կիրառել։ Սպառնալիքին հետևում է պնդումը, թե Խրամորթն Ադրբեջան է և, ընդհանրապես, Ղարաբաղն Ադրբեջան է։ Մենք զբաղեցրել ենք իրենց հողերը… Դե, հիմա պատկերացրեք 87 խրամորթցի ու պատերազմից հետո այնտեղ ժամանակավոր ապաստանած 11 տարհանված ընտանիքների վիճակը…

Պատկերացրի՞ք, թե ինչպես են կես ժամը մեկ այդ ձայնը լսում՝ դպրոց գնալիս, այգում աշխատելիս, լվացքը փռելիս, մի կտոր հաց ուտելիս…»,-ասվում է գրառման մեջ։

Նա նաև նշել է, որ Խրամորթը շրջկենտրոն Ասկերանից 6 կմ հեռավորության վրա է, Ստեփանակերտից՝ 21կմ։

«էնքան հանգիստ նստելու եք՝ մի օր էլ ձեր բալկոններում եք թռուցիկներ գտնելու,եթե ոչ կրկին՝ռումբեր…Հ.Գ. Ի դեպ, շաբաթասկզբին մեր նկարահանող խումբը Խրամորթում էր, տարհանված ընտանիքներ էինք նկարում։ Ամբողջ օրը օդում դրոն էր պտտվում…»,-ասվում է գրառման մեջ։

Ասկերանի վարչական շրջանի աշխատակազմից հայտնել են, որ շրջանի վարչական ղեկավարը` Համլետ Ապրեսյանը, Խրամորթ է գնացել, գրում է Sputnik Արմենիան։

Համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ լսվում է ադրբեջանցիների ձայնը։ «Անհապաղ հեռացեք տարածքից, հակառակ դեպքում ձեր նկատմամբ ուժ կկիրառվի։ Կորուստների համար պատասխանատվությունն ընկնելու է ձեր վրա։ Մի՛ վտանգեք ձեր և ձեր ընտանիքի անդամների կյանքը։ Լքե՛ք տարածքը, դուք գտնվում եք Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Այստեղ ցանկացած գործունություն կարգավորվում է Ադրբեջանի օրենքներով»,–ասվում է ձայնագրության մեջ։

Ռուս խաղաղապահները նույնպես տեղեկացված են դեպքի մասին։