ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, անդրադառնալով Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցներին, սպառնացել է վերանայել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման և սահմանափակման միջոցների մասին պայմանագիրը։
Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման պայմանագիրը սահմանափակում է երկու միջուկային գերտերության՝ ԱՄՆ-ի և ՌԴ-ի ռազմական հզորությունը։
Նա Vk․com սոցցանցի իր էջում զգուշացրել է, որ ՌԴ-ն կարող է վերջնականապես վերանայել իր հարաբերություններն իր երկրի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրների հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Պատժամիջոցները կարող են հիանալի առիթ հանդիսանալ այն պետությունների հետ բոլոր հարաբերությունների վերանայման համար, որոնք սահմանել են պատժամիջոցներ։ Այդ թվում՝ ռազմավարական կայունության գծով երկխոսությունը խզելու համար։ Չէ որ կարելի է ամեն ինչից հրաժարվել, այդ թվում ՌՀՍ-3 պայմանագրից, որը կնքել եմ ես Օբամայի հետ և երկարացրել է Պուտինը՝ ԱՄՆ գործող նախագահի հետ։ Էլ ինչի՞ն է այն պետք, այս պայմաններում, առավել ևս պատժամիջոցների ենթակա անձանց կողմից ստորագրվա՞ծ։ Դե դիվանագիտական հարաբերություններ էլ առանձնապես պետք չեն։ Ժամանակն է փակել բոլոր դեսպանատներն ու մեծ կողպեք կախել։ Իսկ շփումները շարունակել բացառապես հեռադիտակով և զենքի նշանոցի միջով միմյանց զննելով»,-գրել է նա։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։