AM
26 February 2022 - 13:17 AMT

Թալիբները մտադիր են տարհանել Աֆղանստանի քաղաքացիներին Ուկրաինայից

«Թալիբան» շարժման կողմից ղեկավարվող Աֆղանստանի կառավարությունը մտադիր է տարհանել Աֆղանստանի քաղաքացիներին Ուկրաինայից։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի ԱԳՆ-ն։

«Աֆղանստանի իսլամական էմիրaթը (այդպես են թալիբներն անվանում իրենց քաղաքական համակարգը) մտահոգված է Ուկրաինայում Աֆղանստանի քաղաքացիների և ուսանողների անվտանգությամբ և բոլոր մատչելի միջոցներն են ձեռնարկում «Աֆղանստանի քաղաքացիներին պաշտպանելու և Ուկրաինայի տարածքից տարհանելու համար», ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ գերատեսչությունը սերտ շփման մեջ է մի շարք տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։