AM
28 February 2022 - 09:14 AMT

ԵՄ-ում կարծում են` Ուկրաինայից փախստականների թիվը կարող է 7 մլն-ի հասնել

Ըստ Եվրոպական հանձնաժողովի գնահատման, Ուկրաինայում պատերազմի պատճառով մի քանի միլիոն մարդ կարող է բռնի տեղահանված դառնալ երկրի ներսում և դրա սահմաններից դուրս։ Ակնկալվում է, որ այդ թիվը կարող է հասնել 7 մլն-ի։ Այդ մասին հայտարարել է ԵՄ հակաճգնաժամային կառավարման գծով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը։

Ըստ նրա, եթե պատերազմը շարունակվի, փախստականների հրատապ հումանիտար օգնություն կպահանջվի, գրում է Deutsche Welle-ն։

ՄԱԿ-ը դիմել է միջազգային հանրությանը` հրատապ աջակցության կոչով։ Ըստ Լենարչիչի տեղեկությունների, Եվրահանձնաժողովն արդեն 90 մլն եվրոյի օգնություն է մոբիլիզացրել։

Եվրամիությունը մտադիր է ԵՄ անդամ բոլոր երկրներում ուկրաինացի փախստականների ընդունման միասնական, ոչ բյուրոկրատական արագ ընդունման կարգ սահմանել։

Ըստ Der Spiegel գերմանական թերթի, արդեն մոտ 400,000 մարդ է լքել Ուկրաինան։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։