AM
28 February 2022 - 09:16 AMT

Խրամորթի քարհանքի աշխատողների ուղղությամբ ադրբեջանական դիրքերից կրակահերթերի քրգործը վարույթում է

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարութ է ընդունվել ադրբեջանական մարտական դիրքերից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի քարհանքում աշխատող 3 աշխատակցի ուղղությամբ կրակահերթեր արձակելու առնչությամբ հարուցված քրգործը, տեղեկացնում է Արցախի հանրապետության քննչական կոմիտեն։

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 05-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքի քարահանքում հանքափորային աշխատանքներ իրականացնող «Ապագա սերունդների հիմնադրամ» ՍՊԸ-ի երեք աշխատակիցների նկատմամբ։

«Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներով, երկու և ավելի աձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, դեռևս չպարզված հրազենից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքի քարահանքում հանքափորային աշխատանքներ իրականացնող «Ապագա սերունդների հիմնադրամ» ՍՊԸ-ի երեք աշխատակիցների ուղղությամբ կրակահերթեր արձակելու, սակայն վերջիններիս թաքնվելու պատճառով՝ իրենց կամքից անկախ հանգամանքներում դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու հանցագործությունն ավարտին չհասցնելու դեպքի առթիվ ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 33,103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Փետրվարի 26-ին հայտնի դարձավ, որ Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղի մոտակայքում գտնվող ադրբեջանական դիրքերից բնակիչներից բարձրախոսով պահանջում են լքել տներն ու հեռանալ։ Ընդ որում, դա արվում հայերեն լեզվով օրը մի քանի անգամ։ Ռուս խաղաղապահները նույնպես տեղեկացվել են դեպքի մասին։

Խրամորթը շրջկենտրոն Ասկերանից 6 կմ հեռավորության վրա է, Ստեփանակերտից՝ 21 կմ։