Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 28-ին, Սումգայիթի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Երկրի ղեկավարին ուղեկցում էին ԱԺ նախագահը Արթուր Թովմասյանը, պետական ու զինվորական բարձրաստիճան ղեկավարությունը, հասարակական և քաղաքական գործիչներ:
Փետրվարի 28-ին համայն հայությունը հարգում է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988-ին հայերի ջարդերի զոհերի հիշատակը:1988-ի փետրվարի վերջին օրերին Սումգայիթի հայ բնակչությունը զանգվածային դաժան սպանությունների և խոշտանգումների ենթարկվեց: Փետրվարի 26-ին Սումգայիթի կենտրոնական հրապարակում սկսված հակահայկական հանրահավաքներում քաղաքի ղեկավարները բռնության բացահայտ կոչեր էին անում:
Փետրվարի 27-ին և 28-ին հանրահավաքները վերածվեցին բռնարարաքների: Մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով զինված ադրբեջանցիները ներխուժում էին հայերի բնակարաններ ու սպանում նրանց: Դրանից հետո զոհերի վրա բենզին էին լցնում և ողջակիզում: Հայերի ջարդերը կազմակերպված էին՝ ջարդարարներն ունեցել էին զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները: Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը:






