ՌԴ Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևն առաջարկել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում արգելափակել Facebook սոցցանցը, հայտնում է ՌԲԿ-ն։
Նա ասել է, որ սոցցանցը սահմանափակում է կարծիք հայտնելու ազատությունը։ Ըստ նրա, Facebook-ը «կողմնակալ դիրքորոշում է» որդեգրել և արգելափակում է հրապարակային անձանց աքաունթները, որոնք մատնացույցն են անում «ուկրաինական ռեժիմի հանցագործությունները Դոնբասի բնակիչների հանդեպ նախորդ տարիների ընթացքում»։
Ֆադեևն ասել է նաև, որ սոցցանցում հայտնվում է «վճարովի, առաջ մղվող հրապարակումների» զգալի քանակ, որտեղ կա «շոկային բովանդակություն և ագրեսիվ կոչեր»։ Նա ասել է նաև, որ «կան ապացույցներ, որ այդ կոնտենտի մի մասը կեղծ է»։
ՌԴ Մարդու իրավունքների խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Facebook-ում նման հրապարակումներն արդեն 1․5 մլն-ից ավելի են։ «Եվ եթե Facebook-ի ղեկավարությունը չի ցանկանում ՌԴ իշխանությունների պահանջով կասեցնել դրանց տարածումը, ապա հարկավոր է հարց բարձրացնել այդ սոցցանցը ՌԴ տարածքում արգելափակելու մասին, առնվազն՝ հատուկ գործողության ընթացքում»,-ասել է նա։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։