Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ իր երկիրը ոչ Ուկրաինայից կհրաժարվի, ոչ էլ Ռուսաստանից։
Նա կրկին խոսել է ռուս-ուկրաինական հակամարտության հարցում Եվրոպայի ու ԱՄՆ-ի որդեգրած «անվճռական դիրքորոշումից»: Նա հայտարարել է, որ հատկապես փետրվարի 24-ից այս կողմ նրանց դրսևորած ամուր կեցվածքը թուրքական կողմն իր համար որպես դաս է ընդունել, գրում է Ermenihaber-ը։
«Չնայած մենք այս ամենի փորձառությունն արդեն ունեցել ենք, երբ նախկինում մեր սահմանները վտանգված էին: Ուկրաինական ճգնաժամի ժամանակ վերահաստատվեց: Մեզ համար կարևորը մեր դիրքորոշումն է: Թուրքիան կատարել և կատարելու է ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի ու ԵՄ-ի և այլ կազմակերպությունների ու դաշինքների շրջանակներում իր պարտավորությունները»: Մենք անշուշտ մեր ազգային շահերի հարցում զիջումներ չենք անելու: Տարածաշրջանային ու միջազգային բալանսներն էլ չենք անտեսելու: Դրա համար ո՛չ Ուկրաինայից կհրաժարվենք, ո՛չ էլ Ռուսաստանից»,-ասել է նա:
Ըստ Էրդողանի` Թուրքիան արդեն հասել է այն մակարդակին, որ կարողանում է քաղաքական, ռազմական, տնտեսական, տեխնոլոգիական ու հետախուզական ենթակառուցվածքներով իր սեփական քաղաքականությունը մշակել և իրականացնել:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։