ՌԴ բոլոր ֆուտբոլային ակումբներն ու հավաքականը ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի որոշմամբ զրկվել են այդ կազմակերպությունների ներքո անցկացվող բոլոր մրցումներին մասնակցելու հնարավորությունից։ Այդ մասին հայտնել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Նման որոշում է կայացվել ՌԴ զինված ուժերի Ուկրաինա ներխուժելու պատճառով։ Ռուսական թիմերը հեռացվել են մրցաշարերից «մինչ հետագա իրազեկում»։
Բացի այդ, ՈւԵՖԱ-ն նաև դադարեցնում է համագործակցությունը ռուսական «Գազպրոմի» հետ բոլոր մրցաշարերում, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայում, ազգային հավաքականների մրցումներում և Եվրո-2024-ում։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։






