Էստոնիայի ֆուտբոլային միության նախագահ Այվար Պոխլակը պնդում է, որ իր հայ գործընկերները սպառնում էին իրեն ֆիզիկական հաշվեհարդարով, քանի որ արգելվել էր «Ա Լե Կոկ արենա» մարզադաշտում մարզում անցկացնելը:
Հայաստանի հավաքականն այսօր պատասխան խաղ է անցկացնում Տալլինում: Երեկ խոտածածկույթի վատ վիճակի պատճառով երկու հավաքականներին թույլ չեն տվել մարզվել «Ա Լե Կոկ արենա» մարզադաշտի գլխավոր դաշտում, եւ դա, ըստ Պոխլակի, հարուցեց հայերի դժգոհությունը:
«Բոլոր հայ ֆուտբոլիստները սպառնում էին ինձ, ասում, թե ինչ է սպասում մեզ Հայաստանում, եթե վիճակահանության արդյունքում մենք կրկին հանդիպենք»,-մեջբերում է Պոխլակին postimees.ee-ն հղում անելով «Qhtuleht» թերթին:
Էստոնիայի եւ Հայաստանի հավաքականների միջեւ խաղը տեղի կունենա այսօր Երեւանի ժամանակով 20:00-ին:–ԿԱ–