AM
4 Մարտ 2022 - 15:36 AMT

Աշոցքում ձնաբքի պատճառով չեղարկվել են դահուկավազքի միջազգային մրցաշարի 3-րդ օրվա մեկնարկները

Ուժեղ ձնաբքի պատճառով չեղարկվել են «Զարգացող պետությունների դահուկավազքի գավաթի» և ՀՀ դահուկավազքի մեծահասակների առաջնության արագավազքի մեկնարկները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:

Աշոցքում մարտի 2-ին մեկնարկել է Զարգացող պետությունների դահուկավազքի գավաթի խաղարկությունը: Մրցումային առաջին և երկրորդ օրերն անցել են հայ մարզիկների հաղթանակով:

Առաջին օրը տղամարդիկ մրցել են 10 կմ, իսկ կանայք՝ 5 կմ ազատ ոճերում, իսկ երկրորդ օրը՝ համապատասխանաբար 10 կմ դասական և 5 կմ դասական ոճերում: Երկու օրվա արդյունքում էլ տղամարդկանց պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Թադևոս Պողոսյանն Աշոցքից, տեղեկացնում է Shantnews.am-ը։

Արծաթե մեդալակիր է դարձել Սպարտակ Ոսկանյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է գյումրեցի Գարիկ Պարսամյանը:

Կանանց պայքարում էլ ոսկե մեդալը նվաճել է Պեկինի 2022 թվականի օլիմպիական խաղերի մասնակից, Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա Գալստյանը: Երկրորդ տեղում Անգելինա Մուրադյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Աննա Ռաշոյանը:

Մրցաշարին մոտ 40 մարզիկ է մասնակցել Հայաստանից, Լիբանանից և Սերբիայից: