Էստոնիայի հավաքականի գլխավոր մարզիչը 2010թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Էստոնիայի ու Հայաստանի հավաքականների խաղից առաջ իր կարծիքն է հայտնել խաղի եւ ՀՀ հավաքականի գլխավոր մարզչի պարտականություններից Յան Պոուլսենին ազատելու մասին:
«Այն, որ գլխավոր մարզիչը փոխվել է, դեռեւս չի նշանակում, որ թիմը վատ հանդես կգա: Տարբեր օրինակներ են եղել: Դա կարող է լավ անդրադառնալ ֆուտբոլիստների վրա, քանի որ տեղացի մարզիչը ավելի լավ է հասկանում եւ ճանաչում իր տղաներին: Ես հուսով եմ, որ Պոուլսենի պաշտոնաթողությունը վատ կանդրադառնա հայ մարզիկների վրա, սակայն դա արդեն մեր խնդիրը չէ: Մենք պետք է մեր խաղը խաղանք»,-հայտարարել է Ռյույտլին:
Եթե Հայաստանում էստոնացիներն օգտագործել են 4-5-1 սխեման, ապա այս անգամ մտադիր են շեշտը դնել հարձակման վրա: Ռյույտլին նման որոշում է կայացրել, քանի որ դաշտի ծածկույթը տարբեր է, իսկ դա անդրադառնում է փոխանցումների որակի վրա:
«Նման պայմաններում կարող է ինչ ասես պատահել: Պետք է խաղը տարվի մեր դարպասներից որքան հնարավոր է հեռու եւ երկու լավ հարձակվող ունենալ»,-պարզաբանել է Ռյույտլին եւ ակնարկել, որ սկզբնական կազմում դաշտ կարող է դուրս գալ Քրիստեն Վիիկմյաեն:
Ռյույտլին, վերլուծելով հայաստանյան խաղը, եկել է այն եզրակացության, որ իր թիմը ինքն է մեղավոր բաց թողած գնդակի համար:
«Մրցավարները սխալվեցին, հաշվելով գոլը: Սակայն մենք ենք մեղավոր, քանի որ այնպօսի իրավիճակ ստեղծեցինք, որ մրցավարները սխալ թույլ տվեցին: Այնուամենայնիվ այնտեղ բավականին բան կա, որ նման է իսկական ֆուտբոլի: Մենք փորձում էինք հասկանալ` ի՞նչն է այնտեղ շատ` լավը թե վատը: Այսօր մենք տանն ենք խաղում եւ ամեն ինչ կանենք, հաջողության հասնելու համար»,-մեջբերում է Ռյույտլիին postimees.ee-ն: