AM
5 Մարտ 2022 - 12:43 AMT

ՀՀ հետ հարաբերությունների գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը Բաքվում է

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սարդար Քըլիչը գտնվում է Ադրբեջանում։

Նա այդ երկիր է ժամանել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակության կազմում, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում Չավուշօղլուն ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը համակարգվում է Ադրբեջանի հետ, հայտնում է ԱՊԱ-ն։

«Այդ համակարգումը պետք է շարունակվի։ Զանգեզուրի միջանցքի դերը ևս շատ կարևոր է»,-ասել է Չավուշօղլուն։

Նա նաև ասել է, որ Թուրքիան հավանություն է տալիս Ադրբեջանի և ՀՀ միջև համապարփակ խաղաղ պայմանագրի ստորագրմանը։

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 14-ին։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական էին անվանել։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում էր հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նրանց 2-րդ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 24-ին Վիեննայում։ Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների: