AM
7 March 2022 - 13:26 AMT

ՌԴ կառավարությունը ոչ բարեկամ երկրների ցանկ է հաստատել

ՌԴ կառավարությունը հաստատել է այն պետությունների և տարածքների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են կատարում Ռուսաստանի, նրա ընկերությունների և քաղաքացիների հանդեպ։

Ցանկում ընդգրկվել են հետևյալ երկրները՝ ԱՄՆ, Կանադա, ԵՄ երկրներ, Մեծ Բրիտանիա (ներառյալ Ջերսին, Անգիլիան, Բրիտանական Վիրգինյան կղզիները, Ջիբրալթարը), Ուկրաինա, Չերնոգորիա, Շվեյցարիա, Ալբանիա, Անդորա, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Մոնակո, Նորվեգիա, Սան Մարինո, Հյուսիսային Մակեդոնիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Ավստրալիա, Միկրոնեզիա, Նոր Զելանդիա, Սինգապուր և Թայվան (համարվում է Չինաստանի տարածքը, սակայն 1949թ․ կառավարվում է սեփական վարչակազմի կողմից), տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Վերոնշյալ երկրները կամ տարածքները պատժամիջոցներ են սահմանել կամ միացել են ՌԴ դեմ պատժամիջոցներին՝ Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու պատճառով։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։