Արցախի հանրակրթական դպրոցներում ջեռուցման խնդրով պայմանավորված՝ գարնանային արձակուրդների մեկնարկը տրվելու է մարտի 14-ից, տեղեկացնում է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
1-ին դասարանցիների արձակուրդը տևելու է մինչև մարտի 27-ը ներառյալ, 2-12-րդ դասարանցիներինը՝ մինչև ամսի 20-ը ներառյալ։
Մարտի լույս 8-ի գիշերը Հայաստանից Արցախ մտնող գազատարի վնասման հետևանքով Արցախում խափանվել է գազամատակարարումը։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ՝ ադրբեջանցիները թույլ չեն տալիս այն նորոգել։ Բանակցություններ են ընթանում, որոնց մասնակցում են ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչները և ԱԽ գրասենյակի աշխատակիցներ։






