AM
15 March 2022 - 09:57 AMT

ՄԱԿ գլխավոր քարտուղար. Միջուկային հակամարտության հեռանկարն այլևս անիրական չի թվում

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն իր ելույթում ասել է, որ միջուկային հակամարտության վտանգն իրական է դարձել։ Գուտերեշը մտահոգություն է հայտնել ՌԴ միջուկային ուժերի մարտական պատրաստականության մակարդակի բարձրացման առնչությամբ՝ անվանելով դա «սահմռկեցուցիչ իրադարձություն»։

«Միջուկային հակամարտության հեռանկարը, որը մի ժամանակ անիրական էր թվում, հիմա կրկին հայտնվել է հնարավորի շրջանակում»,-ասել է նա, գրում է «Կոմերսանտը» Reuters-ի վրա հղումով։

Նա նաև մտահգություն է հայտնել Դոնեցկում գնդակոծությունների հետևանքով խաղաղ բնակիչների մահվան վերաբերյալ։

«Քաղաքացիական անձանց, քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ցանկացած հարձակում ցավալի է»,-ասել է նա։

Գուտերեշը նաև ասել է, որ կազմակերպությունը մտադիր է հավելյալ $40 մլն հատկացնել Ուկրաինային հումանիտար օգնության համար։ Նա նշել է, որ ՄԱԿ-ը և հումանիտար ոլորտում աշխատող մյուս գործընկերները օգնություն են ցուցաբերել Ուկրաինայի ավելի քան 600,000 բնակչի։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։