AM
19 March 2022 - 07:57 AMT

Ծինփինն ու Բայդենը մոտ 2 ժամ խոսել են Ուկրաինայում պատերազմի մասին

Մարտի 18-ին տեղի է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցը, որը մոտ 2 ժամ է տևել։ Ծինփինն ասել է, որ պետք է որքան հնարավոր է շուտ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, չմեղադրելով, սակայն, ՌԴ-ին հարձակման մեջ, իսկ Բայդենը զգուշացրել է նրան Պեկինի կողմից ՌԴ-ին հնարավոր նյութական աջակցության հետևանքների մասին։

Ըստ Չինաստանի ԱԳՆ-ի, Ծինփինը նշել է, որ որքան հնարավոր է արագ պետք է դադարեցվի պատերազմն Ուկրաինայում և կոչ արել ՆԱՏՕ-ի երկրներին երկխոսություն վարել Մոսկվայի հետ։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է, Պեկինը չի մեղադրել ՌԴ-ին Ուկրաինա ներխուժելու համար, գրում է Deutsche Welle-ն։

«Հիմա առաջնայինը երկխոսությունն ու բանակցությունները շարունակելն է, խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելը, հումանիտար ճգնաժամը կանխելը, ռազմական գործողությունները դադարեցնելը և որքան հնարավոր է շուտ պատերազմն ավարտելը»,-ասել է Ծինփինը։

Նա նաև ասել է, որ «ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պետք է առաջ տանեն ՌԴ հետ երկխոսությունը, վերացնեն անվտանգության հարցում ՌԴ և Ուկրաինայի մտավախություններն ու ուկրաինական ճգնաժամի իրական պատճառը»,-ասել է Չինաստանի նախագահը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն և Չինաստանը պետք է ճանաչեն իրենց միջազգային պատասխանատվությունը և ջանքեր գործադրեն մոլորակում խաղաղության համար։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգուշացրել է Ծինփինին՝ Պեկինի կողմից ՌԴ-ին հնարավոր նյութական աջակցության հետևանքների մասին։ Այդ մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Ըստ հաղորդագրության, զրույցի ընթացքում Բայդենը «նկարագրել է այն արդյունքն ու հետևանքները, որ կլինեն, եթե Չինաստանը նյութական աջակցություն ցուցաբերի Ռուսաստանին, որը «դաժան հարձակումներ է կատարում ուկրաինական քաղաքների և խաղաղա բնակիչների վրա»։ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ կողմ է «ճգնաժամի դիվանագիտական լուծման»։

Թեև Սպիտակ տունը չի հստակեցրել, թե հատկապես ինչպիսին կլինեն այդ հետևանքները կամ ինչ է ԱՄՆ-ն հասկանում «Նյութական աջակցություն» ասելով, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին նշել է, որ կարող են տուժել Չինաստանի հսկայական առևտրային հոսքերը։ «Պատժամիջոցներն, անշուշտ, գործիքներից մեկն են արսենալում»,-ասել է Փսակին ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է համարում արդյոք ԱՄՆ կողմից առևտրայի տուրքերի կան պատժամիջոցների սահմանումը Չինատանի դեմ։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։