Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը պետգերատեսչությունների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ է տվել կարճաժամկետ ու երկարաժամկետ անելիքների վերաբերյալ:
Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, ադրբեջանցիները խոչընդոտում էին աշխատանքներին: 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը։ Մարտի 18-ին հայտարարվեց, որ նորոգման աշխատանքներն ավարտվել եսն, սակայն, գազը բաժանորդներին կմատակարարվի մարտի 19-ից։
Ավելի վաղ իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում սրվել էր։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։ Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները պարբերաբար բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։