AM
19 Մարտ 2022 - 10:05 AMT

Բեգլարյան․ Բաժանորդների կեսից ավելին արդեն գազ ունի

Արցախում գազի բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է և առաջիկա ժամերին բոլորն արդեն ապահովված կլինեն բնական գազով: Այդ մասին Տելեգրամ ալիքում տեղեկացրել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Արցախի բնակչությունն արդեն կկարողանա լուծել ջեռուցման և այլ խնդիրները այս բացառիկ ցուրտ եղանակին:

Հատկանշական է, որ ձյան ծածկույթը Ստեփանակերտում հասնում է 30-40 սմ-ի, իսկ Արցախի այլ բնակավայրերում՝ նույնիսկ ավելին է, ինչն աննախադեպ է մարտ ամսվա համար: Եվ նման պայմաններում Արցախի բնակչությունն ավելի քան 11 օր զրկված էր բնական գազից ՝ ադրբեջանական կողմի արհեստական ու միտումնավոր խոչընդոտների պատճառով»,-ասվում է գրառման մեջ։

Մարտի 18-ին ամբողջովին ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման և ստուգման աշխատանքները, իսկ գիշերը բնական գազն արդեն իսկ մատակարարվել է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։

Գազատարը վնասվել էր ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը՝ ադրբեջանցիները խոչընդոտում էին աշխատանքներին, 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը և գազամատակարարումը շուտով կվերականգնվի, սակայն մարտի 18-ին գազամատակարարում դեռ չկար։