Մարտի 18-ի տվյալներով պատերազմի պատճառով Ուկրաինայի բնակչության ավելի քան 23%-ը տեղահանվել է։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում։
Փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայի մոտ 6.5 մլն քաղաքացի ստիպված է եղել լքել իր տունը ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով երկրի սահմաններում, ևս 3․3 մլն-ը հեռացել է երկրից։ Ընդհանուր առմամբ՝ ներքին տեղահանված և այլ երկրներ փախած անձանց թիվը մոտ 9.8 մլն է կամ բնակչության 23%-ը։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության տվյալներով, Ուկրաինայում քաղբնակչության շրջանում 2149 մարդ է տուժել, որից 816-ը սպանվել է։
Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։