AM
21 Մարտ 2022 - 14:06 AMT

Լավրովն ու Բայրամովն Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղ պայմանագրի կնքմանն առնչվող խնդիրներ են քննարկել

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մարտի 21-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղ պայմանագրի կնքմանն առնչվող խնդիրներ են քննարկել, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ։ Նախարարները քննարկել են նաև 2020թ.նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների առանցքային դրույթների իրականացման ընթացքը, ինչպես նաև Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղ պայմանագրի կնքմանն առնչվող խնդիրներ են քննարկել»,-ասել են ՌԴ ԱԳՆ-ում, գրում է ՏԱՍՍ-ը։

Լավրովն ու Բայրամովը նաև անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանզատման և սահմանագծման մեկնարկին առնչվող հարցերին, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը։

Բացի այդ, Լավրովն ու Բայրամովը մտքեր են փոխանակել Ուկրաինայի իրավիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Քննարկվել է «3+3» (Ադրբեջան – Հայաստան – Վրաստան + Ռուսաստան – Իրան – Թուրքիա) տարածաշրջանային խորհրդատվական պլատֆորմի հետագա աշխատանքի վերաբերյալ ժամանակագրությունը:

Լավրովն ու Բայրամովը քննարկել են նաև փետրվարի 22-ին երկու երկրների նախագահների կողմից ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացումը, ինչպես նաև ապրիլին ՌԴ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված տոնակատարության նախապատրաստումը:

Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ այդ համատեքստում կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը: Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։