Եղանակային և ջեռուցման խնդիրներով պայմանավորված՝ Արցախի նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դասաժամերը բաշխվելու են մինչև ուսումնական պարապմունքների ավարտը։
Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, ադրբեջանցիները խոչընդոտում էին աշխատանքներին: 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը։ Մարտի 18-ին հայտարարվեց, որ նորոգման աշխատանքներն ավարտվել են, սակայն, գազը բաժանորդներին սկսել է մատակարարվել մարտի 19-ից։ Մարտի 21-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»,-ասվում է ԱՀ տեղեկատվայան շտաբի հայտարարության մեջ։






