ԱՄՆ-ն հանդես է գալիս ՌԴ-ին G20-ից հեռացնելու օգտին և մտադիր է այդ հարցը քննարկել իր գործընկերների հետ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։
«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանն այլևս չի կարող սովորականի պես գործել միջազգային ինստիտուտներում և միջազգային հանրությունում»,-ասել է Սալիվանը ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պայքարելու է ՌԴ-ին «Մեծ քսանյակից» հեռացնելու համար, գրում է Deutsche Welle-ն։
Ըստ Reuters-ի, որը հղում է անում G7-ում բարձրաստիճան ներկայացուցչի վրա, այդ ձևաչափում արդեն եղել է «քննարկում այն մասին, թե կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը G20-ի մասը լինել»։
«Եթե Ռուսաստանը մնա որպես անդամ, այդ կազմակերպությունը նվազ օգտակար կլինի»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ Լեհաստանն էր առաջարկել ԱՄՆ-ին դիտարկել G20-ից Ռուսաստանին հեռացնելու հարցը և հայտարարել էր, որ «դրական պատասխան է ստացել»։
Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։
Ընթերցեք նաև․ Զելենսկի․ ՌԴ հետ բանակցություններում առաջխաղացում կա, թեև բարդ, երբեմն սկանդալային են