Թուրքիայի և Ադրբեջանի միջև 2021-ի հունիսի 15-ին ստորագրված «Շուշիի հռչակագիրը» պաշտոնապես վավերացվել է: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է հրամանագիրը, տեղեկացրել է թուրքական Resmi Gazete պաշտոնաթերթը։
Թուրքական Yenicaggazetesi կայքն անդրադարձել է հռչակագրի վավերացմանը՝ հիշեցնելով, որ հռչակագորւմ նաև «Հարավային գազային միջանցքի» վերաբերյալ շեշտադրումներ կան, գրում է Ermenihaber-ը։
Հռչակագիրը նախատեսում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամական և բազմակողմ համագործակցության խորացում: Երկու երկրների քաղաքական, տնտեսական, առևտրային, մշակութային, առողջապահական, կրթական, մարզական և հատկապես ռազմական ներուժը կիրացվի և համագործակցություն կլինի բոլոր բնագավառներում»։
Հռչակագրում ընդգծվում է նաև Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև միջանցքի («Զանգեզուրի միջանցք») բացման և Նախիջևան-Կարս երկաթուղու կառուցման կարևորությունը՝ որպես միջանցքի շարունակություն։
Շուշիի հռչակագիրը ստորագրվել էր 2021 թ. հունիսի 15-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում՝ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: 2022-ին Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանները վավերացրել են հռչակագիրը։ Հռչակագրում ասվում է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում և կշարունակեն երկու երկրների զինված ուժերի արդիականացմանն ուղղված համատեղ ջանքերը։
Հռչակագրի շրջանակներում Թուրքիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ ոլորտում նախատեսվում է իրականացնել տարբեր նախագծեր: Հռչակագրում տեղ գտած ձևակերպումների համաձայն՝ Թուրքիան և Ադրբեջանն առաջատար դեր կխաղան ռազմավարական «Հարավային գազային միջանցքի» գործարկման հարցում, որը կապահովի բնական գազի պաշարների և հոսքագծերի դիվերսիֆիկացում, ինչը նպաստում է տարածաշրջանի և Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը: Թուրքիան և Ադրբեջանը կաշխատեն համակարգված՝ Հարավային գազային միջանցքի արդյունավետ օգտագործման և հետագա զարգացման ուղղությամբ։ Երկու երկրները կնպաստեն նաև էլեկտրաէներգիայի ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը, որպեսզի ամրապնդվի տարածաշրջանի էներգետիկ մատակարարման անվտանգությունը՝ հաշվի առնելով համաշխարհային էներգետիկ ոլորտում տեղի ունեցող զարգացումները։