AM
23 Մարտ 2022 - 11:20 AMT

Ռումինիայում ՀՀ դեսպանությունն օգնում է Ուկրաինայից այդ երկիր անցնող հայերին

Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված՝ Ռումինիայում Հայաստանի դեսպանությունն արտակարգ ռեժիմով օգնություն է ցուցաբերում աջակցության կարիք ունեցող Ուկրաինայից Ռումինիա անցնող ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներին, հայտնում է դեսպանատունը:

ՀՀ ԱԳ նախարարի հրամանի համաձայն՝ մարտի 1-ից Ռումինիայի՝ Ուկրաինային և Մոլդովայի Հանրապետությանը սահմանամերձ Բոտոշան քաղաքում գործում է Ռումինիայում ՀՀ դեսպանության ժամանակավոր հյուպատոսական կետը: Բացման պահից ի վեր՝ հյուպատոսական կետը անհրաժեշտ օգնություն և խորհրդատվություն է ցուցաբերել հարյուրավոր ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի:

Ռումինիայում ՀՀ դեսպանությունը սերտ համագործակցություն է հաստատել Ռումինիայի պատկան մարմինների հետ, ինչի շնորհիվ օպերատիվ և իրավաչափ կերպով կազմակերպվում է ՀՀ քաղաքացիների մուտքը Ռումինիա, ինչպես նաև վերադարձը հայրենիք:

Դեսպանությունը և Բոտոշանում գործող հյուպատոսական կետը շուրջօրյա ռեժիմով պատասխանում են գրանցված հեռախոսազանգերին:

Դեսպանությունը հումանիտար աջակցություն է ցուցաբերում ինչպես այլազգի կամավորների, այնպես էլ Ռումինիայում, մասնավորապես՝ Ուկրաինային հարակից Բոտոշան, Բայա-Մարե, Յաշ, Սուչավա և Տուլչայի մարզերում գործող հայկական կառույցների ներկայացուցիչների օգնությամբ։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։