AM
23 March 2022 - 11:44 AMT

Մակրոնը խոսել է Պուտինի և Զելենսկու հետ․ Ոչ մի համաձայնության չեն եկել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 22-ին հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ կրակի հնարավոր դադարեցման պայմանների մասին։ Այդ մասին հայտնել է Ելիսեյան պալատը, գրում է Deustche Welle-ն։

Կողմերը «ոչ մի համաձայնության» չեն եկել, սակայն, Մակրոնը, նախկինի պես «վստահ է, որ անհրաժեշտ է շարունակել ջանքերը» և որ կանգնած է «Ուկրաինայի կողքին», ասվում է հաղորդագրության մեջ։

Կրեմլի մամուլի ծառայությունը հաստատել է, որ Պուտինն ու Մակրոնը կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերաբերյալ, այդ թվում ՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների ընթացքի մասին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։