Եվրամիությունը մտահոգություն է հայտնել արդեն երկրորդ անգամ Արցախում գազի մատակարարման խափանման վերաբերյալ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքականության գծով պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Եվրամիությունը մտահոգված է Ստեփանակերտի գազամատակարարման արդեն երկրորդ անգամ խափանման կապակցությամբ։ Անհրաժեշտ է շտապ վերսկսել տեղի տուժած բնակչության գազամատակարարումը։ ԵՄ-ն կոչ է անում վերահսկող մարմիններին վերսկսել գազամատակարարումը, հատկապես ներկայիս խիստ եղանակային պայմաններում»,- ասվում է գրառման մեջ։
Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, ադրբեջանցիները խոչընդոտում էին աշխատանքներին: 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը։ Մարտի 18-ին հայտարարվեց, որ նորոգման աշխատանքներն ավարտվել են, սակայն, գազը բաժանորդներին սկսել է մատակարարվել մարտի 19-ից։ Մարտի 21-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»,-ասվում է ԱՀ տեղեկատվայան շտաբի հայտարարության մեջ։