AM
23 Մարտ 2022 - 15:10 AMT

Human Right Watch․ Շտապ քայլեր են անհրաժեշտ՝ Արցախում հումանիտար ճգնաժամից խուսափելու համար

Human Right Watch-ը շտապ քայլեր է անհրաժեշտ համարում՝ Արցախում հումանիտար ճգնաժամից խուսափելու համար։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է HRW-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան։

«Վերջին երկու շաբաթում արդեն երկրորդ անգամ Լեռնային Ղարաբաղի բնակիչները զրկվել են ջեռուցումից ցուրտ եղանակի պայմաններում՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող գազատարի խափանման պատճառով։ Հացի գործարանները ևս չեն կարող աշխատել, ինչը նաև հացի պակաս է առաջացրել»,-ասվում է գրառման մեջ։

Նա նշել է նաև, որ գազի անջատումը անդրադառնում է նաև կրթական հաստատությունների, այդ թվում մանկապարտեզների և դպրոցների վրա։ «Դրանք փակ են, քանի որ չեն ջեռուցվում։ Շտապ քայլեր են անհրաժեշտ՝ հետագա հումանիտար ճգնաժամից խուսափելու համար»,-գրել է նա։

Գոգիան գրել է նաև, որ վերջին շաբաթներին նաև լարվածության աճ է գրանցվել շփման գծում: «Եթե սա բնակչության տեղահանելու միտումնավոր փորձ է, ապա դա Ժնևի կոնվենցիաների խախտում է»,- գրել է նա:

Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, ադրբեջանցիները խոչընդոտում էին աշխատանքներին: 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը։ Մարտի 18-ին հայտարարվեց, որ նորոգման աշխատանքներն ավարտվել են, սակայն, գազը բաժանորդներին սկսել է մատակարարվել մարտի 19-ից։ Մարտի 21-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»,-ասվում է ԱՀ տեղեկատվայան շտաբի հայտարարության մեջ։

Ավելի վաղ իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում սրվել էր։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։ Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները պարբերաբար բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։

Ընթերցեք նաև․ ԵՄ-ն մտահոգված է Արցախում գազի մատակարարման դադարեցմամբ