AM
24 March 2022 - 07:05 AMT

Բրյուսելում միանգամից 3 գագաթնաժողով կանցկացվի՝ ՆԱՏՕ-ի, G7-ի և ԵՄ-ի․ Զելենսկին համերաշխության ակցիաների կոչ է արել

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից 1 ամիս անց՝ մարտի 24-ին Բրյուսելում միանգամից 3 գագաթնաժողով կանցկացվի՝ ՆԱՏՕ-ի, G7-ի և Եվրամիության։ Բոլոր գագաթնաժողովներին կմասնակցեն Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ջո Բայդենը։ Զելենսկիի մասնակցությունը կլինի տեսակապի միջոցով, Բայդենն անձամբ ներկա կլինի։ Նա արդեն Բրյուսելում է, գրում է Deutsche Welle-ն։

Զելենսկին նաև համերաշխության ակցիաների կոչ է արել աշխարհին։ «Արտահայտեք ձեր դիրքորոշումը, դուրս եկեք ձեր գրասենյակներից, տներից, դպրոցներից և բուհերից։ Դուրս եկեք հանուն խաղաղության։ Դուրս եկեք Ուկրաինայի խորհրդանիշներով՝ սատարելու համար Ուկրաինային, ազատությանը, կյանքին»,-ասել է նա մարտի 24-ի իր ուղերձում։

ՆԱՏՕ-ի, Եվրամիության և G7-ի գագաթնաժողովներին ընդառաջ Զելենսկին կոչ է արել քաղաքական գործիչներին «սատարել կյանքի համար մղվող պայքարին»,-գրում է Deutsche Welle-ն։

Զելենսկին մտավախություն է հայտնել, որ «ռուսներն արդեն սկսել են առաջ տանել իրենց շահերը՝ պատերազմի շահերը»։

Զելենսկին նաև ասել է, որ արևմտյան երկրների աջակցության արդյունավետությունը Ուկրաինային բավարար չէ։ «Մենք այդպես էլ չստացանք ինքնաթիռներ և ժամանակակից հակահրթիռային զենք, այդպես էլ չստացանք տանկեր, հականավային միջոցներ»,-ասել է նա։

ԱՄՆ-ն և ԵՄ-ն մեղադրել են ռուս զինծառայողներին Ուկրաինայի դեմ պատերազմում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքնեը՝ նշելով, թե «կան ապացույցներ»։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։