AM
24 March 2022 - 08:43 AMT

ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ընդունել ՌԴ բանաձևն Ուկրաինայի վերաբերյալ․ Միայն Չինաստանն էր կողմ

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չի ընդունել ՌԴ առաջարկած բանաձևի նախագիծը՝ Ուկրաինայի վերաբերյալ, որով կոչ էր արվում դադարեցնել կրակը խաղաղ բնակիչներին տարհանելու համար, գրում է Gazeta.ru-ն։

Փաստաթղթի ընդունվելու համար 15-ից հարկավոր էր 9 «կողմ» ձայն հավաքել, սակայն կողմ են քվեարկել միայն ՌԴ-ն ու Չինաստանը։

ԱԽ մյուս 13 անդամը՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Իռլանդիան, Քենիան, Մեքսիկան, Նորվեգիան, Ալբանիան, Բրազիլիան, Գաբոնը, Գանան, ԱՄԷ-ն, ձեռնպահ են մնացել։

Միևնույն ժամանակ երկրներից ոչ մեկը նաև դեմ չի քվեարկել։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։