AM
24 March 2022 - 13:14 AMT

Բալասանյանը լիազորվել է համակարգելու խաղաղապահների հետ աշխատանքը

Արցախում գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Նշվում է, որ ադրբեջանական կողմի հարուցած, ինչպես նաև այլ խնդիրների լուծման նպատակով ԱՀ նախագահի կարգադրությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ աշխատանքները համակարգելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին:

«ԱՀ Կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն և հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն:

Միևնույն ժամանակ հորդորում ենք հանրային և քաղաքական գործիչներին պահպանել զսպվածություն, զերծ մնալ մանիպուլյատիվ գործողություններից ու հայտարարություններից»,-ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, ադրբեջանցիները խոչընդոտում էին աշխատանքներին: 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը։ Մարտի 18-ին հայտարարվեց, որ նորոգման աշխատանքներն ավարտվել են, սակայն, գազը բաժանորդներին սկսել է մատակարարվել մարտի 19-ից։ Մարտի 21-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»,-ասվում է ԱՀ տեղեկատվայան շտաբի հայտարարության մեջ։

Ավելի վաղ իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում սրվել էր։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։ Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները պարբերաբար բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։