AM
24 Մարտ 2022 - 13:52 AMT

Հավաք Ստեփանակերտում՝ ընդդեմ Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների

Արցախի կանայք և երեխաները Ստեփանակերտում խաղաղ հավաք են անցկացրել՝ ընդդեմ ադրբեջանական ահաբեկչական գործողությունների։ Նրանց ձեռքում «Արցախն իմն տունն է», «Ալիև՝ ահաբեկիչ», «Դադարեցրեք Ադրբեջանի ահաբեկչությունը» գրություններով պաստառներ էին։

«Սա հումանիտար աղետ է և ահաբեկչություն։ Այլ կերպ հնարավոր չէ անվանել։ Սա միայն Ադրբեջանի կողմից գազատարի պայթեցում և փականի տեղադրում չէ․ սա այն է, թե ինչպես է Ադրբեջանը մեզ վերաբերվում, ինչպես է մեզ նվաստացնում, հոգեբանական ճնշում գործադրում։ Մենք պետք է հակազդենք սրան»,-հավաքի ժամանակ հայտարարել է Արցախի բնակիչներից մեկը, գրում է «Առավոտը»։

Մասնակից կինը հավելել է, որ այսօր շատ են խոսում Ուկրաինայի, ուկրաինացի երեխաների մասին:

«Միջազգային հանրությունն ուշադրություն է դարձում նրանց և նրանց մասին խոսում բարձր, իսկ մենք ինքներս պետք է խոսենք մեր մասին, քանզի միջազգային հանրությունն աչք է փակում։ Երևի բենզինն ու վառելիքը մթագնում են նրանց տեսողությունը։ Փորձենք ինքներս ասել, որ մենք՝ հայերս, ապրում ենք մեր հողում, հեռանալ չենք պատրաստվում և ապրելու ենք միայն այստեղ»,-ասել է նա։

Նա Արցախի քաղաքացիներին կոչ է արել սոցցանցային բոլոր հնարավոր հարթակներով ուղերձներ հղել, որ Արցախում հայերն ապրում են և ապրելու են։

Արցախցի Էլլադա Ղահրամանյանն էլ ասել է․ «Արցախցին, անկախ եղանակային և կենցաղային պայմաններից, միշտ իր իրավունքների տերն է։ Ցավալի է, որ պատերազմից հետո մինչ օրս որևէ միջազգային կառույցի կողմից աջակցություն չենք տեսնում՝ բացի կոչերից ու հորդորներից։ Արցախցին արդեն իսկ մեծ հերոսություն է անում՝ ապրելով Արցախում։ Բոլոր միջազգային կառույցները մարդասիրական սկզբունքներից ելնելով՝ պետք է ոչ թե հորդորեն, այլ հստակ քայլեր ձեռնարկեն, քանի որ Ադրբեջանը հայտարարել է, որ այս հումանիտար աղետն իր ձեռագիրն է»։

Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, ադրբեջանցիները խոչընդոտում էին աշխատանքներին: 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը։ Մարտի 18-ին հայտարարվեց, որ նորոգման աշխատանքներն ավարտվել են, սակայն, գազը բաժանորդներին սկսել է մատակարարվել մարտի 19-ից։ Մարտի 21-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»,-ասվում է ԱՀ տեղեկատվայան շտաբի հայտարարության մեջ։