AM
25 Մարտ 2022 - 09:37 AMT

Շտաբ․ Արցախի ԶՈւ-ն լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում՝ ապահովելու հարակից գյուղերի անվտանգությունը

Արցախի իշխանությունները Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Գործադրվում են բոլոր ջանքերը, որ ռուսական կողմն իր առաքելության շրջանակում բոլոր մակարդակներում համապատասխան միջոցներ կիրառի՝ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատված ներխուժած ադրբեջանական զորքին ելման դիրքեր վերադարձնելու համար:

«Դրան զուգահեռ՝ Արցախի զինված ուժերը լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում հարակից գյուղերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Ակնկալում ենք, որ հետևողական աշխատանքի արդյունքում ռուս խաղաղապահ առաքելությանը կհաջողվի իր վերահսկողության տիրույթում ծագած խնդիրները կարգավորելու և, ադրբեջանական կողմի հետ քաշումից հետո, անվտանգային լրացուցիչ երաշխիքների տրամադրմամբ խաղաղ բնակչությունը կվերադառնա իրենց տներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտում: Մարտի 25-ի առավոտվա դրությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ, հայտնում է Արցախի ՊԲ-ն: Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի 5 պայմանագրային զինծառայող։