Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան՝ երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ, նախատեսված է ապրիլի երկրորդ տասնօրյակում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նա հայտնել է նաև, որ Փաշինյանի այցին կնախորդի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը, որը կայանալու է ապրիլի 8-ին։
«Մշակվում են նաև այլ շփումներ տարբեր մակարդակներով»,- ասել է նա։
Զախարովան նաև ասել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ երկու երկրում մի շարք միջոցառումներ են նախատեսված։ Մասնավորապես, ըստ նրա, Երևանի կենտրոնում նախատեսվում է հայ-ռուսական բարեկամության՝ «Դարավոր միասնություն» հուշարձանի հիմնարկեքը։ 2022-ին ՌԴ-ում կկայանան Հայաստանի մշակույթի օրեր, իսկ ՀՀ-ում՝ Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր։
Զախարովան նաև ասել է, որ միջոցառումների առավել ծավալուն ծրագիրը կներկայացվի ապրիլի 3-ին։






