AM
26 March 2022 - 08:41 AMT

Արաբական երկրների կոալիցիան ռազմական գործողություն է սկսել հուսիթների դեմ

Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական երկրների կոալիցիան հայտարարել է Եմենի հուսիթների դեմ ռազմական գործողություն սկսելու մասին։ Գործողությունն ուղղված է «էներգիայի գլոբալ աղբյուրների պաշտպանությանն ու առաքումների շղթաների ապահովմանը»։ Այդ մասին մարտի լույս 26-ի գիշերը հայտնել է Սաուդյան Արաբիայի պաշտոնական Saudi Press Agency լրատվական գործակալությունը, գրում է Deutsche Welle-ն։

Գործողության մեկնարկի մասին հայտարարվել է եմենցի ապստամբ հուսիթների Սաուդյան Արաբիայի տարածքի վրա հարձակումից հետո։ Նրանց թիրախում նավթային օբյեկտներն էին։

«Ռազմական գործողությունը կշարունակվի մինչև դրա նպատակներին հասնելը»,-ասվում է կոալիցիայի հայտարարության մեջ։

Նշվում է, որ գործողությունն ուղղված է «էներգիայի գլոբալ աղբյուրների պաշտպանությանն ու առաքումների շղթաների ապահովմանը»։

Կոալիցիան կոչ է արել քաղաքացիական անձանց չմոտենալ նավթային օբյեկտներին կամ Եմենի Խոդեյդա նավահանգստային քաղաքի օբյեկտներին, որը Կարմիր ծովի ափին է գտնվում։

Մարտի 25-ին հուսիթները գրոհել են Սաուդյան Արաբիայի մի քանի օբյեկտներ։ Ջիդայում Aramco սաուդյան նավթային ընկերության օբյեկտի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել «Ֆորմուլա-1»-ի մայրուղու հարևանությամբ, որտեղ մարտի 27-ին կայանալու է Սաուդյան Արաբիայի Գրան պրին։