AM
26 March 2022 - 11:36 AMT

Մակրոնը համաձայն չէ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջը հակասում է կնքված պայմանագրերի պայմաններին։ Այդ մասին նա ասել է ճեպազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսական գազի դիմաց հարկավոր է վճարել պայմանագրերում համաձայնեցված արժույթով։ Խոսքը եվրոյի մասին է»,-ասել է նա։

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Եվրամիության քաղաքականության առաջնահերթություններից է նաև գազի սակագնի նվազումը։ Նա հավելել է, որ Եվրամիությունն ապագայում կարող է ԵՄ երկրների համար գազի կենտրոնացված գնման լիազորություններ ստանալ։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ևս հայտարարել էր, որ Եվրամիության համար անընդունելի է գազի դիմաց ռուբլով վճարելու գաղափարը, քանի որ դա պատժամիջոցները շրջանցելու միջոց կլիներ։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հանձնարարել է գազի դիմաց վճարումները գանձել ռուբլով՝ «ոչ բարեկամ երկրներից» գնորդների համար։ Պուտինն ասել է, որ Արևմուտքը, սառեցնելով ՌԴ ակտիվները, սասանել է վստահությունը սեփական արժույթների նկատմամբ և դեֆոլտ է հայտարարել ՌԴ առջև իր պարտավորությունների մասով։ Պուտինը վստահություն է հայտնել, որ այժմ աշխարհում բոլորը գիտեն, որ դոլարով և եվրոյով պարտավորությունները կարող են չկատարվել։