AM
30 Մարտ 2022 - 06:43 AMT

Ուղղում․ ԱՄՆ-ն չի նախատեսում Ադրբեջանին $164 մլն ռազմական օգնություն հատկացնել

Մարտի 29-ին՝ գրելով ԱՄՆ՝ Հայաստանին տրամադրվող օգնության կրճատման մասին, նշել էինք Վաշինգտոնի՝ Ադրբեջանին տարեկան կտրվածքով $164 մլն ռազմական օգնություն հատկացնելու որոշման մասին։ Սակայն, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը խոսել է ոչ թե տարվա կտրվածքով, այլ 2002-2020թ․ ընթացքում Ադրբեջանին անվտանգության ոլորտի համար հատկացված $164 մլն-ի մասին։

2023 թ․ ֆինանսական տարվա համար Սպիտակ տան բյուջեի նախատեսվող հատկացումներում, որը հրապարակվել է մարտի 28-ին, Ադրբեջանին նախատեսվում է հատկացնել ավելի քան 9 մլն դոլար, ռազմական օգնության չափը դեռ հայտնի չէ։

2023 թ․ ֆինանսական տարվա համար Սպիտակ տան բյուջեի նախատեսվող հատկացումներում, որը հրապարակվել է մարտի 28-ին, Հայաստանին տրամադրվելիք օգնությունը նվազեցվել է, իսկ Արցախին օժանդակություն նախատեսված չէ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հորդորում է Կոնգրեսին 24 մլն դոլար հատկացնել Հայաստանին։

ԱՄՆ-ն 2022-ի համար 45 մլն դոլար է հատկացրել Հայաստանին և 2 մլն դոլար Արցախին, թեև ավելի վաղ Բայդենի վարչակազմը կոչ էր արել է $24 մլն օգնություն հատկացնել ՀՀ-ին։ ԱՄՆ նախագահի՝ ՀՀ համար առաջարկած բյուջեն ներառում էր 23,405,000 դոլարի հատկացում և 600,000 դոլարի ռազմական օգնություն։ Բյուջեի առանձին հոդվածով նախատեսված էր $6,050,000 հատկացնել ՀՀ իրավապահ մարմիններին թմրանյութերի շրջանառության դեմ միջազգային պայքարի համար։