Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հետխաղային ասուլիսում ներողություն է խնդրել երկրպագուներից մարտի 29-ին Նորվեգիայի հետ ընկերական խաղում Հայաստանի ջախջախիչ պարտության համար։
Նորվեգիա -Հայաստան ընկերական խաղում ՀՀ հավաքականը պարտվել է 0:9 հաշվով։ Սա հավաքականի երբևէ կրած ամենախոշոր հաշվով պարտությունն էր։
«Կարծում եմ՝ արդյունքն ամեն ինչի մասին խոսում է։ Մրցակիցը բավականին գերազանցում էր մեր հավաքականին։ Իր դերը խաղաց նաև այն, որ մեր խաղացողին հեռացրեցին դաշտից, ինչը, իմ կարծիքով, չափազանց խիստ որոշում էր։ Այդ պահից մեր թիմը չէր մրցակցում»,-ասել է Կապառոսը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ՝ վստահեցնելով, որ կարվեն համապատասխան հետևություններ, և արդեն հունիսին՝ Ազգերի Լիգայի խաղարկության մեկնարկին, հավաքականը կրկին կներկայանա մարտական տեսքով:
«Հայաստանի ազգային հավաքականը ցավոտ պարտություն կրեց Նորվեգիայի ընտրանու դեմ խաղում: Չնայած հանդիպումը ընկերական բնույթ էր կրում, այդուհանդերձ, այս պարտությանը չկա ոչ մի արդարացում:
Վստահեցնում ենք ձեզ, որ շատ կարճ ժամանակահատվածում միասին կվերլուծենք տեղի ունեցածը, կանենք համապատասխան հետևություններ, և Հայաստանի ազգային հավաքականն արդեն հունիսին՝ Ազգերի Լիգայի խաղարկության մեկնարկին, կրկին կներկայանա մարտական տեսքով:
Ունենք մեկ նպատակ՝ հայտնվել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում: Այդ նպատակին հասնելու համար ՀՖՖ-ն, հավաքականի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը կներդնեն առավելագույն ջանքերը:
Ներողություն ենք խնդրում բոլոր երկրպագուներից այս արդյունքի համար: Մենք միշտ եղել ենք միասնական ինչպես հաղթանակներից, այնպես էլ պարտություններից հետո: Հուսով ենք, որ մոտ ապագայում Հայաստանի ազգային հավաքականն իր խաղով կրկին ուրախություն կպարգևի մեր ընտրանու բազմահազար երկրպագուներին»,-ասվում է հայտարարության մեջ: