AM
30 March 2022 - 07:18 AMT

Շտաբ․ Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված հենակետերում

Մարտի լույս 30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված, տեղեկացնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

Արցախի իշխանությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ և դիվանագիտական տարբեր միջոցներով շարունակում են հետևողական աշխատանքները՝ ուղղված ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն և ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը: Արցախի զինված ուժերը զուգահեռաբար իրականացնում են իրենց գործառույթները՝ շարունակաբար բարելավելով Հանրապետության պաշտպանական ամրություններն ու մեխանիզմները:

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով հանրությանը տեղյակ կպահվի:

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հարվածային ԱԹՍ կիրառել, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:

Մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետ է քաշել զորքերը ԼՂ Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։