AM
30 March 2022 - 07:59 AMT

Միրզոյանը Զալկալիանիին է ներկայացրել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի ստեղծմանն ուղղված Ադրբեջանի գործողությունները

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ հանդիպմանն անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմանը, Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ շարունակական հոգեբանական ճնշումների իրականացմանը և հումանիտար ճգնաժամի ստեղծմանն ուղղված գործողություններին։ Ընդգծվել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման անհրաժեշտությունը։

Միրզոյանն ներկայացրել է նաև հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը: Կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային և տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերի գործադրումը:

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ այս տարի լրանում է Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և մանրամասն քննարկել են հայ-վրացական բարեկամական փոխգործակցության լայն օրակարգին առնչվող հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել երկկողմ և բազմակողմ մակարդակներում համագործակցության շարունակական զարգացման, Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության ամրապնդման ուղղությամբ:

ԱԳ նախարարները անդրադարձել են տնտեսական հարաբերությունների հետագա ակտիվացմանը, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճի հնարավորություններին, տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցության հեռանկարներին:

Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։

ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման գործընթացը:

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հարվածային ԱԹՍ կիրառել, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների:

Մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետ է քաշել զորքերը ԼՂ Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։